Քիչ առաջ, ժամը 21։40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի եւ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում, Ազգային ժողովի մուտքի մոտ տեղի է  ունեցել ավտովթար. միմյանց են բախվել «ՎԱԶ 2106» մակնիշի 62 ՏՕ 297, «ՕՊԵԼ» մակնիշի 01 ՏԼ 204 համարանիշների եւ «Լեքսուս» մակնիշի (ՋԻՊ) ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով երկու հոգի (մեկ կին եւ մեկ  երիտասարդ տղա) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են Հանրապետական եւ Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցներ: Նրանց ինքնությունը ճշտվում է:

Այս պահին Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ուժեղացված ծառայություն են իրականացնում փողոցի այդ հատվածում, որի պատճառով երթեւեկությունն այդ կողմում փակված է:

Ականատեսների վկայությամբ,  «Լեքսուսի» համարանիշները պետական են եղել, սակայն մինչ ճանապարհային ոստիկանների ժամանելը, ինչ-որ անձինք դրանք հանել են:

Վթարի վայր ժամանեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը, ով սկսեց ճշտել ավտոմեքեաների վարորդների ինքնությունն ու տեղազննություն իրականացնել։

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի