Իրանի նախագահի Հայաստան կատարելիք մոտալուտ այցը անկյունադարձային կետ կլինի Իրան-Հայաստան երկկողմ հարաբերություններում: Այս մասին ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, հաղորդում է ParsToday-ը: 

Նրա խոսքով, երկու երկրների նախագահները հայտարարել են, որ երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար ոչ մի արգելք չկա:

Անդրադառնալով շրջափակումների չեղարկումից հետո Թեհրան-Երեւան երկկողմ համագործակցություններին, Քազեմ Սաջադին ասել է.«Վերջերս աշխարհի մեծ թվով երկրների հետ Հայաստանի առեւտրական փոխանակումների ծավալն զգալիորեն նվազել է, սակայն Իրանի հետ առեւտրական փոխանակումների նվազումը մյուսների համեմատությամբ շատ չնչին է եղել, որը դրական կետ է համարվում երկկողմ հարաբերություններում»:

Նշելով որ շրջափակումների ժամանակաշրջանում երկու երկրի տնտեսական ու քաղաքական հարաբերությունները գերազանց մակարդակի վրա են պահպանվել, Սաջադին հավելել է.«Չնայած որ նախորդ տարիների ընթացքում, Իրանի դեմ կիրառված դաժան շրջափակումների պատճառով Իրան-Հայաստան բանկային հարաբերությունները բարդությունների առջեւ էին կանգնել, սակայն առեւտրական փոխանակումների ծավալը չէր նվազել եւ ներկա պայմաններում էլ երկկողմ հարաբերությունները գտնվում են գերազանց մակարդակում: Նոր ժամանակաշրջանում կառավարությունը փորձում է Հայաստանի հետ հարաբերությունները առավել ընդլայնել»:

Իրանին համարելով Պարսից Ծոց-Սեւ ծով միջանցքի նախաձեռնողը, Երեւանում Իրանի դեսպանն ասել է.«Այդ միջանցքը ստեղծվել է Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ, որի մասնագիտական նիստը կայացել է Թեհրանում եւ հուսով ենք, որ այս միջանցքը շահագործման հանձնվելով Դեպի Եվրոպա Իրանի տրանսպորտային ուղիները բազմազան կդառնան»:

Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ Իրանի դիրքորոշման մասին տրված հարցին ի պատասխան Երեւանում Իրանի դեսպանը շեշտել է.«Հակամարտ կողմերի ցանկության դեպքում Իրանը պատրաստ է համագործակցել հակամարտության կարգավորման ուղղությամբ»: