Մարտի 1-ի գործի բացահայտումը Հայաստանի Գլխավոր դատախազության գերակա խնդիրներից մեկը կլինի։ Այս մասին սեպտեմբերի 13-ին խորհրդարանում հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր դատախազի պաշտոնի հավակնորդ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին։
Դավթյանի խոսքով՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը որոշ ընթացակարգային մեխանիզմներ է կիրառել, որոնք պետք է ապահովեին հետաքննության հետագա արդյունավետությունը։ Այն չի կասեցվել։ «Մարտի 1-ի գործը՝ որպես հասարակությանը հուզող կարեւորագույն գործերից մեկը, ինձ համար առաջնային կլինի։ Ես գործի բացահայտմանը եւ դրա ընթացքի մասին հասարակության իրազեկմանը մեծ կարեւորություն եմ տալու։ Ավելի ասել դեռ չեմ կարող, քանի որ նախկին աշխատանքում գործի նյութերին չեն աքռնչվել։ Սակայն այն իմ ուշադրության կենտրոնում եմ պահելու»,– վստահեցրեց Արթուր Դավթյանը։
Հիշեցնենք, որ 2008–ի մարտի 1-ին 10 մարդու կյանք խլած՝ իրավապահ ուժերի եւ ցուցարարների բախումների գործը մինչեւ հիմա չի բացահայտվել։ Մարդկանց մահվան համար մինչեւ հիմա ոչ ոք պատասխան չի տվել։











