Հայաստանի հնարավորությունները գնահատում ենք ոչ միայն մենք, այլ նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Թեհրանի նախաձեռնած Պարսից ծոց–Սեւ ծով միջանցքին Երեւանի մասնակցության մասին Հայաստանում Իրանի դեսպանի վերջին հայտարարությանը։
Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանն ու Իրանը բավական հեռանկարային ծրագրեր ունեն։ «Չեմ ուզում նախապես խոսել այդ ծրագրերի մասին, սակայն մենք Իրանի հետ բազմաթիվ պայմանավորվածություններ ունենք։ Մենք մեր հնարավորությունների շրջանակում համագործակցում ենք մեր հարեւանների հետ։ Մենք երկարաժամկետ նախագծեր ունենք ինչպես տնտեսության, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ոլորտում, եւ այդ նախագծերը մենք պետք է իրականացնենք»,– ընդգծել է Բաղդասարյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչ կոնկրետ պայմանավորվածություններ կամ նախապատրաստած փաստաթղթեր կան, որոնք նախատեսվում է ստորագրել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ հայաստանյան այցի ընթացքում՝ պատգամավորը նշեց, որ այդ թեմայով դեռ քննարկումներ չեն եղել։ «Սակայն երբ արդեն հաստատվի Իրանի նախագահի այցելության ամսաթիվը, մենք քննարկումներ կանցկացնենք եւ այդ մասին հավելյալ տեղեկություն կտրամադրենք»,– ասել է Վահրամ Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սայեդ Քասեմ Սաջադին իր վերջին հարցազրույցի ժամանակ ասել էր, որ Իրանը Պարսից ծոց–Սեւ ծով միջանցք նախագծի նախաձեռնողն է, որը ստեղծվում է Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ։





























