Իրան- Հայաստան երկաթգծային ճանապարհի շինարարության հավանականությունը շատ բարձր է, եթե ամբողջովին ապահովվի տնտեսական հիմնավորումների դաշտը: Այս մասին NEWS.am –ի թղթակցին ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, անդրադառնալով Իրանի նախագահի գալիք այցին Հայաստան ու ակնկալվող պայմանավորվածություններին:

Նրա խոսքով կա Իրան- Հայաստան երկաթգծային ճանապարհի շինարարության նախագիծ: «Բայց այն պետք է տնտեսական հաշվարկների ենթարկվի, այսինքն պետք է հաշվի առնվի փոխադրումների ծավալը, ներդրումների ծավալը: Այս ամենը դեռ հարցականի տակ է մնում: Քաղաքական տեսակետից դա փայլուն մտահղացում է, թե Հայաստանի, թե Իրանի համար, բայց անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ տնտեսական հաշվարկները»,- հավելել է Վարդան Այվազյանը:

Ավելի վաղ Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Կազեմ Սաջադին հայտնել էր, որ Իրանի նախագահի՝ մոտ ապագայում ծրագրվող այցը Երեւան շրջադարձային կդառնա հայ-իրանական հարաբերությունների զարգացման առումով: Բնութագրելով Իրանին որպես Պարսից ծոց– Սեւ ծով միջանցքի նախաձեռնող՝ դեսպանը նշել էր, որ միջանցքը ստեղծվում է Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ: Դիվանագետը հույս էր հայտնել, որ միջանցքը կդիվերսիֆիկացնի Եվրոպայի ու Իրանի տրանսպորտային կոմունիկացիաները: