Եթե Իրանը քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության ուղղությամբ, դա ի վնաս Հայաստանի չի արվում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀԿ-ական պատգամավոր, Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:   

Անդրադառնալով Բաքվում Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ էներգետիկական ոլորտի, մասնավորապես` գազային մատակարարումների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, պատգամավորը նշել է, որ Ադրբեջանը գազային պահուստներ ունի եւ այստեղ խոսքն այլ երթուղու մասին է:   «Ադրբեջանի խնդիրն է իր գազային պահուստները մատակարարել միջազգային շուկային: Կասպից ծովի բոլոր երկրները տնտեսական տարբեր ձեւաչափեր ունեն: Դրանք տնտեսական նախագծեր են, որոնք քաղաքական հետեւանքների են հանգեցնում:  Չարժե դա քննարկել հակասությունների համատեքստում, այլ փոխադարձ շահավետ պայմանավորվածությունների դաշտում:   Պետք չէ մտածել, շարունակել է պատգամավորը, որ եթե Իրանը քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության ուղղությամբ, դա ի վնաս Հայաստանի է արվում: «Ոչ, Իրանը մեզ բարեկամ երկիր է: Բացի այդ, հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների առկայության պայմաններում իրանական ապրանքների հոսքը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ կանցնի Հայաստանի տարածքով, մաքսատուրքերի  30 տոկոսով նվազման պայմաններում:  Դա հնարավորություն է, որից պետք է օգտվել», - ամփոփել է Վարդան Այվազյանը: