Հայաստանի քաղաքական էլիտան իր սեփական վախերը փաթաթում է ոչ միայն սեփական, այլեւ Ղարաբաղի հասարության վզին, պնդելով, որ ԼՂՀ անկախության ճանաչումը վտանգավոր եւ ռիկային քայլ է: Նույն բանն էլ անհիմն կերպով կրկնում են Ղարաբաղում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, մեկնաբանելով պաշտոնական Ղարաբաղի դիրքորոշումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» օրինագծի հետ կապված:
«Ինձ համար պարզ չէ, թե ինչու ամռանը Ղարաբաղում հնչում էին կարծիքներ, որ տվյալ պահը շատ հարմար է Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար, իսկ այսօր Ղարաբաղում լռում են, չեն ասում, որ Հայաստանը պետք է «այո» կամ «ոչ» քվեարկի անկախության ճանաչմանը»,- նշեց Սաֆարյանը:
Պատգամավորը որպես օրինակ բերեց Մեթյու Բրայզայի խոսքերը, երբ մի քանի տարի առաջ նա համեմատություն էր անցկացնում Ղարաբաղի եւ Կոսովոյի միջեւ: «Նա ասաց, որ Կոսովոն ինքն է նվաճել իր անկախությունը, եւ Ղարաբաղն էլ պետք է թակի բոլոր դռները եւ պահանջի ճանաչել իր անկախությունը: Այստեղ չկա խնդիր, որ ԼՂՀ-ն, իբրեւ թե, պետք է խնայի Հայաստանին: Օրերս նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ Ղարաբաղը ստիպված է լինելու հազարամյակներով համբերությամբ սպասել, թե երբ միջազգային հանրությունը կճանաչի նրա անկախությունը: Եթե Հայաստանը չճանաչի Ղարաբաղի անկախությունը, ապա քաղաքական անհեռատեսություն կլինի հավատալը, որ որեւէ մեկը կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Այդ դեպքում Ղարաբաղն իսկապես ստիպված կլինի ճանաչմանը դարերով սպասել»,- նշեց պատգամավորը:
Սաֆարյանի կարծիքով, եթե Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է խանգարել բանակցային գործընթացին, ապա այլ երկրները նույնպես կկրնեն այդ դիրքորոշումը: Մինչդեռ, Ղարաբաղն ինքը պետք է պահանջի բոլորից ճանաչել իր անկախությունը:





























