Եվրասիական շուկայում իրանական ապրանքները ներկայացնելու համար հույս ունենք ստանալ Հայաստանի աջակցությունը: Այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Նրա խոսքով՝ Իրանը հույս ունի, որ հարեւան եւ բարեկամ Հայաստանը, ԵՏՄ անդամ լինելով, կաշխատի մեծացնել Իրանի դերը ԵՏՄ շուկաներում եւ կօգնի վերացնել այդ ճանապարհին առկա խոչընդոտնները:

«Դժվար է գերագնահատել արտահանման հարցում Իրանի կարեւորությունը հենց իր Հայաստանի համար: Դա տնտեսապես զարգացած երկիր է՝ 80 մլն բնակչությամբ: Մենք մեր հայ գործընկերների համար համագործակցության հնարավորություններ ենք ստեղծում մեծ թվով ճյուղերում՝ էներգետիկայի, տրանսպորտի, այդ թվում՝ բեռնափոխադրումների տարանցման: Մենք նաեւ մեծագույն ուշադրությամբ ենք հետեւում Հայաստանում «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցմանը»,- եզրակացրել է Սաջադին:

Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՄ գործադիր մարմինը) եւ Իրանի իշխանությունները նախնական բանակցություններ են վարում ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրի սկզբունքների շուրջ: ԵՏՀ-ն 2016-ի դեկտեմբերին բանակցությունների նախնական արդյունքները կներկայացնի ԵՏՄ 5 երկրների առաջնորդներին: