Հոկտեմբերի 15-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մարիոս Գարոյանն իր խոսքում նշել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերություններում կարեւոր դերակատարություն ունեն կիպրահայերը, ովքեր, լիարժեք մասնակցելով Կիպրոսի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին, հպարտությամբ պահպանում են իրենց ինքնությունը: Նա պատրաստակամություն է հայտնել Կիպրոսի խորհրդարանում Հայաստանին նվիրված ցուցահանդես կազմակերպել, ինչը հնարավորություն կտա Կիպրոսի հասարակությանը ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանին եւ հայ մշակույթին: Մարիոս Գարոյանը շեշտել է, որ միջազգային կառույցներում Հայաստանը կարող է ապավինել Կիպրոսի անվերապահ աջակցությանը:
Կարեւոր համարելով եվրաինտեգրման գործընթացում Կիպրոսի փորձը, Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար է համարել զարգացնել փորձի փոխանակման հնարավորությունները Հայաստանի օրենսդրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Նա անհրաժեշտ է համարել տնտեսության, մշակույթի եւ այլ ոլորտներում համագործակցության ակտիվացումը: Ազգային ժողովի նախագահը կարեւորել է տարբեր միջազգային կազմակերպություններում, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկու երկրների խորհրդարանների սերտ համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը: Նա նշել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է:
Հանդիպումից հետո երկու երկրների խորհրդարանների նախագահները հանդիպման արդյունքների վերաբերյալ ճեպազրույց են տվել լրագրողների համար:
ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները Նիկոսիայում այցելել են «Նարեկ» հայկական վարժարան, հայկական եկեղեցի, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:
Հովիկ Աբրահամյանի գլխավորած ԱԺ պատվիրակությունը հանդիպել է նաեւ Նիկոսիայի քաղաքապետ տիկին Էլենի Մավրուի հետ: Հանդիպումից հետո տիկին Մավրուի ուղեկցությամբ հայ խորհրդարանականները այցելել են կիպրաթուրքական հրադադարի գիծ:
Նույն օրը Հովիկ Աբրահամյանն այցելել է Լեֆկարայի պատմամշակութային համալիր:





























