Այսօր, հոկտեմբերի 16-ին կայանալիք Կլիչկո – Բրիգս մենամարտից առաջ Բլիկը Համբուրգում զրուցել է Կլիչկո եղբայրների  հարազատ «Ունիվերսում» պրոմոուտերական ընկերության մարզադահլիճում մարզիչ աշխատող, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Գրիգորյանի հետ, որը ժամանակին ներկայացրել է Ուզբեկստանը:

 

Արթուր, երբ 1996-ին Կլիչկո եղբայրները եկան «Ունիվերսում» դուք աշխարհի չեմպիոն էիք: Այն ժամանակ կարո՞ղ էիք ասել, որ Կլիչկոներն այսքան երկար կգերիշխեն ռինգում:

Կլիչկո եղբայրները բացառիկ տղաներ են: «Ունիվերսում» տասնյակ գերծանրքաշայիններ էին գալիս, սակայն իսկական հաջողության հասան միայն նրանք: Վիտալի Կլիչկոն իմ աչքի առաջ է նորամուտը նշել: 1996թ. նոյեմբերի 16-ին Համբուրգում մենք նույն ծրագրում էինք հանդես գալիս: Ես 21-րդ մենամարտն էի անցկացնում պրոֆեսիոնալ ռինգում: Հիշում եմ, թե ինչպես Վիտալիկը արդեն երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին: Նույն ծրագրում առաջին անգամ պրոֆեսիոնալ ռինգ դուրս եկավ նաեւ Վլադիմիր Կլիչկոն: Կրտսեր Կլիչկոն նոկաուտով հաղթեց հենց առաջին ռաունդում:

Ձեր կանխատեսումն այսօրվա մենամարտի վերաբերյալ:

Վիտալին կհաղթի նոկաուտով: Դա միանշանակ է: Բրիգսի հետ նա երկար ժամանակ չի կորցնի: Ամեն ինչ պետք է վճռվի չորրորդ, հինգերորդ ռաունդներում: Ամեն դեպքում, մենամարտը վեց ռաունդից երկար չի ձգվի: Ես, իհարկե, գնալու եմ` Կլիչկոյին երկրպագելու: Վիտալիկի մարզիչ Ֆրից Զդունեկը նաեւ իմ ուսուցիչն է: Ես Զդունեկի օգնականն եմ եղել հինգ ու կես տարի: Այժմ ինքնուրույն եմ աշխատում: Կլիչկոյին մաղթում եմ բռնցքամարտի Օլիմպոսում ինչքան հնարավոր է երկար իշխել: Այսօր ամբողջ աշխարհը գիտի Կլիչկոներին, իսկ Գերմանիայում նրանք կուռքեր են: