ԱՄՆ պետդեպարտամենտի էներգետիկայի եւ Եվրասիայի հարցերով հատուկ բանագնացը հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտով կկարգավորվի։

Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, Վաշինգտոնի Ջոնս Հոփքինսի համալսարանում պաշտոնատար անձանց եւ վերլուծաբանների մասնակցությամբ կայացել է «Կասպյան տարածաշրջանի դերի փոփոխությունը գլոբալ էներգետիկայի առումով» ֆորումը, որի ժամանակ քննարկվել է նաեւ էներգետիկ անվտանգության վրա ղարաբաղյան հակամարտության ազդեցության թեման։

Հարվարդի համալսարանին կից Կասպյան հետազոտությունների ծրագրի նախկին ղեկավար Բրենդա Շեֆերն իր ելույթում նկատել է, որ ԱՄՆ-ը բավարար ուշադրություն չի դարձնում ղարաբաղյան հարցին եւ Հարավային Կովկասում չհավասարակշռված քաղաքականություն է իրականացնում։

Սրա հետ չի համաձայնել ԱՄՆ պետդեպարտի էներգետիկայի եւ Եվրասիայի հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը։ «Դուք 100 տոկոսով սխալվում եք՝ ասելով, որ մենք ուշադրություն չենք դարձնում ղարաբաղյան հիմնախնդրի վրա։ Մենք այդ հարցին մեծ նշանակություն ենք տալիս։ Ձեր խոսքերից դուրս է գալիս, որ խնդրի չլուծման մեջ մեղավոր է ԱՄՆ-ը։ Կարծես մենք կախարդական ուժ ունենք, որի շնորհիվ կարող ենք լուծել այն, սակայն չենք անում  դա»,- ասել է Մորնինգսթարը։