Այսօր` հոկտեմբերի 16-ին դադարեցվել է Մեծամորի ատոմակայանի աշխատանքը` ամենամյա պլանային պրոֆիլակտիկ վերանորոգման եւ միջուկային վառելիքով վերալիցքավորման համար: Ատոմակայանը չի աշխատելու ուղիղ 55 օր:
Դիագնոստիկայի ընթացքում կկատարվի սարքավորումների անհրաժեշտ վերանորոգում, ինչպես նաեւ միջոցներ կձեռնարկվեն ԱԷԿ-ի անվտանգության բավարար մակարդակ ապահովելու համար: ԱԷԿ-ը կլիցքավորվի ատոմային վառելիքի նոր խմբաքանակով, որն արդեն գտնվում է Հայաստանում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Երեւանում համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ` Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու մասին: Փաստաթղթի ստորագրումը կայացել է երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ բանակցությունների արդյունքում: «Ռոսատոմը» հանդես է գալիս որպես «Մեծամոր Ինտեր ՌԱՕ» հայ-ռուսական ընկերության բաժնետեր:
Ընկերությունն իրականացնելու է Մեծամորի ՀԱԷԿ-ի նոր, 2-րդ էներգաբլոկի շինարարությունը՝ ռուսական արտադրության ՎՎԷՐ-1200 ռեակտորով:




























