Հոկտեմբերի 16-ին Տաթեւի նորաբաց ճոպանուղու հատվածում հիմնականում լավ եղանակ էր` արեւոտ ու թեթեւ ամպամածությամբ: Միայն ժամանակ առ ժամանակ թեթեւ անձրեւ էր մաղում:

Այդպես շարունակվեց մինչեւ ճոպանուղու բացման հանդիսավոր միջոցառման ավարտը: Ժամը 17:00-ի շրջանում հյուրերի համար նախատեսված համերգն ավարտվեց, ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց մերձակայքում բոլորի համար անտեսանելի կայանած ուղղաթիռով: Հազիվ էր նախագահական ուղղաթիռը թաքնվել լեռների ետեւում, երբ եղանակը կտրուկ փոխվեց: Քամին սաստիկ ուժեղացավ, անձրեւի հետ սկսեց կարկուտ տեղալ: Այդ ժամանակ ճոպանուղու վագոններից մեկը գտնվում էր հենց ճանապարհի մեջտեղում` կախված ձորի վրա: Քամին ուժեղ ճոճում էր վագոնը, այն նույնիսկ մի պահ կանգ առավ, սակայն այնուհետեւ շարունակեց ճանապարհը: Այդպիսի ուժգնությամբ փոթորիկներ այդ տեղերում այնքան էլ հաճախակի չեն լինում, ու կարելի է ասել` ճոպանուղին պատվով դիմացավ փորձությանը, թեեւ վագոնի բոլոր ուղեւորները բավական վախեցել էին:

Դրսում գտնվող մարդկանց համար փոթորկին դիմանալը շատ ավելի դժվար եղավ: Սաստիկ քամին քշում էր գլխարկներն ու կոտրում հովանոցները: Անպաշտպան մարդիկ այնուհետեւ մի լավ ծեծվեցին կարկուտից: Քիչ էր մնում պոկվեր վրաններից մեկը` նրանում հավաքված լրագրողները մի կերպ պահեցին վրանը: Այդ ամենը տեւեց մոտ 10 րոպե: Փոթորիկն ինչպես անակնկալ հայտնվել էր, այնպես էլ անակնկալ չքացավ` փոխարինվելով կրկին արեւոտ ու աշնանային ջերմ եղանակով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Հայաստանում բացվեց աշխարհում ամենաերկար ճոպանուղին: «Տաթեւի թեւեր» ճոպանուղին, որի երկարությունը 5,7 կմ է,  12 րոպեում այցելուին կհասցնի Տաթեւի եկեղեցի, այնինչ նույնիսկ հարմարավետ մեքենայից մոտ քառասուն րոպե է պահանջվում ձորն իջնելու եւ բարձրանալու համար:

Ճոպանուղու բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, հասարակության ներկայացուցիչներ ու արտասահմանցի հյուրեր:

Տաթեւի ճոպանուղու շինարարությունը տեւել է 11 ամիս: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 50 մլն դոլար , որն իրականացրել է Ազգային մրցունակության հիմնադրամը: Ծրագիրը հովանավորել են բազմաթիվ բարերարներ, բայց հատկապես արժե նշել ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի 28 մլն դոլարի նվիրատվությունը, որից էլ, թերեւս, սկսվել է այս աննախադեպ ծրագիրը:

Նորակառույց ճոպանուղին վիթխարի նշանակություն կունենա Հայաստանի զբոսաշրջության զարգացման առումով: Ճոպանուղին կունենան երկու վագոն` որոնցից յուրաքանչյուրը կկարողանա տեղափոխել  25 մարդ: Տոմսերի նախնական արժեքը կլինի 3 հազար դրամ, բայց դա վերջնականապես որոշված չէ:

Տաթեւի վանքը գտնվում է Գորիսի Տաթեւ գյուղի մոտ եւ Երեւանից հեռու է 280 կմ: Նշենք, որ գրաբարից թարգմանած «Տաթեւ» նշանակում է «թեւեր տուր»: Տաթեւի վանական համալիրը կառուցվել է 9-րդ դարում և եղել է Սյունիքի թագավորության քաղաքական կենտրոնը:

Տաթեւի համալիրը հավակնում է Յունեսկոյի համաշխարհային ժառանգությանը:

Տեսանյութը՝ Նվարդ Հովհաննիսյանի