Հայաստանի հեռուստաընկերություններով հեռարձակվող հաղորդումները մեծամասամբ դուր չեն գալիս սփյուռքահայերին: Հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց չեխական «Օրեր» երկամսյա պարբերականի խմբագիր Հակոբ Ասատրյանը:

«Կա ե՛ւ ճաշակի ե՛ւ գովազդի ե՛ւ սերիլաների ու  տարբեր տեսակի հաղորդումների բովանդակության խնդիր: Օրերս կայացած լրագրողների 5-րդ համաժողովին ես բարձրացրեցի նաեւ հայկական հեռուստաեթերում մանկապատանեկան հաղորդումների բացակայության խնդիրը: Մուլտֆիլմեր եւ մանկական հաղորդումներ չկան, որ մեր երեխաները դիտեն եւ գոնե հայերեն հաղորդումների միջոցով սովորեն, հատկապես Չեխիայի այն շրջաններում, որտեղ հայկական կիրակնօրյա դպրոցներ չկան»,-ասաց Ասատրյանը` հավելելով, որ սփյուռքհայությունը Հայաստանի մասին տեղեկատվություն ստանում է հիմնականում հեռուսատընկերություններից եւ ինտերնետից:

Անդրադառնալով սփյուռքի նախարարության հոկտեմբերի 12-16-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված «21-րդ դարի տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրագրությունը» թեմայով համաժողովին, ասաց, որ համաժողովի ընթացքում առաջադրված եւ քննարկված խնդիրներից եթե գոնե մի քանիսը մոտ ապագայում լուծվեն, ապա դրական արդյունք կլինի:

Նշենք, որ «Օրեր» պարբերականը լույս է տեսնում Չեխիայում, 1999 թվականից եւ բաժանվում է անվճար: