Հոկտեմբերի 20-ին Լոզանի սպորտային արբիտրաժը կքննարկի 13 երկրների բռնցքամարտի ազգային ֆեդերացիաների հայցն ընդդեմ Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի: Նոյեմբերի 2-ին Ղազախստանում պետք է տեղի ունենա AIBA-ի ամենամյա կոնգրեսը, որի օրակարգում նաեւ կազմակերպության նախագահի ընտրությունն է:
Դատարան դիմած 13 ֆեդերացիաները պնդում են, որ AIBA-ի մի քանի տասնյակ անդամներ զրկվել են կոնգրեսի մասնակցությունից` անդամավճարներն ուշացնելու համար, եւ այն չի կարող կայանալ մինչեւ չվերականգնվի բոլոր ֆեդերացիաների ձայնի իրավունքը: Ընդդիմադիրների թվում են նաեւ Անգլիան ու Թայլանդը, որոնց առաջադրած թեկնածուները պետք է մրցակցեին վերընտրվելու ցանկություն հայտնած գործող նախագահ, թայվանցի Չինգ Կուո Վուի հետ, սակայն դուրս են մնացել թեկնածուների ցուցակից, hաղորդում է AP-ը:





























