Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երեւանում «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիան կազմակերպել է շարժական ակցիա: Կոալիցիան ակցիա է իրականացրել Երեւանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի գետնանցումում, «Մալաթիա» տոնավաճառում, ակցիաներ են նախատեսվում նաեւ Երեւանի այլ վայրերում:
Վերջին Հայաստանում վերջին 6 տարում ընտանեկան բռնությունների հետեւանքով 35 կին է զոհվել:
Ըստ ԵԱՀԿ 2011թ.-ի տվյալների՝ Հայաստանում հարցված կանանց ավելի քան 50 տոկոսը ենթարկվում է բռնության:
Այսօրվա դրությամբ, աշխարհում 119 երկիր ունի ընտանեկան բռնությանն առնչվող օրենսդրություն, 125 երկիր ունի սեռական ոտնձգություններին առնչվող օրենսդրություն, եւ 52 երկիր ունի ներամուսնական բռնաբարությանն առնչվող օրենսդրություն: Մինչդեռ Հայաստանը չունի վերը թվարկված օրենքներից եւ ոչ մեկը: Կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունը շարունակվում է, եւ հիմնականում այն տեղի է ունենում տանը՝ փակ դռների հետեւում: Աշխարհում երեքից մի կին իր կյանքի ընթացքում ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բնության, հիմնականում զուգընկերոջ կողմից:
Նշենք, որ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը Հայաստանում հռչակվել է 2010թ.՝ ի հիշատակ ընտանեկան բռնության հետեւանքով մահացած Զարուհի Պետրոսյանի: Օրվա խորհուրդն է ընտանեկան բռնության կանխարգելումը, հանրային իրազեկվացության բաձրացումն ու ընտանիքների առողջացումը:











