Այսօր` հոկտեմբերի 19-ին Երեւանում մեկնարկած Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի ֆորումի» բացումը կատարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ֆորումի «Հեռանկարներ 2020. ժողովրդավարությունը Եվրոպայում. Սկզբունքներ եւ մարտահրավերներ» խորագրով նիստի ժամանակ Է. Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի, Շվեդիայի եւ Իսպանիայի համատեղ նախաձեռնությամբ Երեւանում Եվրոպայի խորհրդի հետ կազմակերպելով այս նշանակալի միջոցառումը` Հայաստանը իր ներդրումն է բերում համաեվրոպական ժողովրդավարական գործընթացների զարգացմանը:

«Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ապագայի նկատմամբ պատասխանատվության զգացումն էր, որ մղեց ժամանակի առաջնորդներին լծվելու Եվրոպայում կայունության, զարգացման եւ խաղաղության ամուր հիմքերը դնելու այդքան անհրաժեշտ գործընթացին: Եվ այն ժամանակ գտնվեց դեղամիջոց, որի կենսունակությունը ապացուցեց ժամանակը` ազատության եւ ժողովրդավարության գաղափարներն ունակ են հաղթահարելու անվստահության մթնոլորտը, փլուզելու քարե պատնեշները, կանխելու մեծ պատերազմները եւ ապահովելու զարգացման հեռանկարը:

Սառը պատերազմի ավարտը վերացրեց մինչ այդ գոյություն ունեցող անջրպետը: ԵԽ անդամ-երկրները եւ հասարակությունները որդեգրել են ընդհանուր արժեքներ եւ նպատակներ: Ժողովրդավարության ասպարեզում տարբեր միջազգային կազմակարեպությունների շրջանակներում մշակվել է չափանիշների մի ընդհանուր համակարգ: Անկասկած, Եվրոպայի խորհուրդը, իր ընդգրկուն բնույթով եւ նշանակությամբ, կարեւոր տեղ է զբաղեցնում նման կառույցների շարքում: Դրա հետ մեկտեղ, այդ չափանիշների իրականացումը, եթե հավատարիմ մնանք ֆորումի վերնագրին, շարունակում է մարտահրավեր հանդիսանալ ԵԽ շրջանակներում»,- նշել է նա:

Իր ելույթում Հայաստանի ԱԳ նախարարը անդրադարձել է նաեւ ԵԽ-ին Հայաստանի անդամակցությանը, նշելով. «Շուտով մեր երկիրը կնշի Եվրոպայի խորհրդին անդամակցության 10-ամյակը: Միանալով կազմակերպությանը` Հայաստանը Եվրոպայում ամենաընդգրկուն եւ համապարփակ ժողովրդավարական բազմազան ընտանիքի մաս է կազմել` ընտանիքի, որը միավորում է բազմաթիվ երկրներ, ժողովուրդներ եւ մշակույթներ: Ինչպես յուրաքանչյուր ընտանիք, հատկապես նման բազմազանությամբ աչքի ընկնող, նրա ամրությունը պայմանավորված է ինչպես միմյանց խնդիրներին ականջալուր լինելու կարողությամբ, այնպես էլ պարտավորությունների ընդհանրությումբ` հիմնված փոխադարձ հարգանքի ու վստահության վրա:

Հայաստանը շարունակում է իրականացնել իր պարտավորությունները` ընթանալով ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վրա խարսխված հասարակության կառուցման ուղիով: Մենք գնահատում ենք մեր բարեկամների ու գործընկերների աջակցությունը այդ ուղին հնարավորինս սահուն ու արդյունավետ անցնելու համար, քանի որ հնարավոր խոչընդոտները առավել հեշտ է հաղթահարել, երբ կա աջակցության ու զորակցության զգացումը»:

Այսօր երեկոյան համաժողովի մասնակիցների պատվին Հայաստանի արտգործնախարարի անունից ընդունելություն կտրվի:

Նշենք, որ այս Ֆորումը գումարվում է 2005 թվականի ԵԽ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի որոշման հիման վրա եւ համարվում է կազմակերպության կարեւորագույն ամենամյա միջոցառումներից: Համաժողովին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել տարբեր երկրների եւ Եվրախորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: