Ժամը 18:20-ին Երեւանի կենտրոնում մեկնարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Այսօրվա բողոքի գործողությունը նվիրված է Երեւանում մեկնարկած Եվրոպայի Խորհրդի «Ժողովրդավարություն հանուն ապագայի» ֆորումին:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, Մատենադարանի մերձակա հրապարակում ընդդիմության համակիրների մեծ բազմություն է հավաքվել: Հանրահավաքին են միացել առավոտյան Եվրոպայի Խորհրդի համաժողովի մոտ բողոքի ակցիային մասնակցողները:
Հարթակում են Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ անդամ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Միտինգը վարում է ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա նշել է, որ այսօրվա զանգվածային ակցիան նպատակ ունի միջազգային հանրությանը, Եվրոպայի Խորհրդի համաժողովի անդամներին ցույց տալ Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը, որտեղ առ այսօր կան 13 քաղբանտարկյալներ եւ չկա անկախ հեռուստատեսություն:





























