Եվրոպայի խորհուրդը հասանելիություն չունի այս տարածքներում ապրող մարդկանց իրավունքների նկատմամբ, դա անընդունելի է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը՝ պատասխանելով ադրբեջանցի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի հարցին, որը վերաբերում էր Ղարաբաղյան հարցին, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Ստրասբուրգից:

Յագլանդը դժգոհեց, որ Եվրոպայի խորհուրդը չունի մարդու իրավունքների մասին տեղեկատվություն կոնֆլիկտի գոտուց:

«Ես միշտ կարեւորել եմ մարդու իրավունքների պաշտպանությունը: Ես ասել եմ, որ Եվրոպայի խորհուրդը հասանելիություն չունի այն մարդկանց իրավունքների նկատմամբ, որոնք ապրում են այս տարածքներում, սա անընդունելի է: Եվրոպական կոնվենցիան էլ է ընդգծում, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ինքն ընտրելու»,- ասաց նա:

Աիդա Հովհաննիսյան, Ստրասբուրգ