Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հաղթանակը անխուսափելի է, դա միայն ժամանակի հարց է: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտարարել է «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով, Եվրոպան, որ հասել է մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակի, անցել է զարգացման դարավոր ճանապարհ, իսկ այդ ընթացքում հայ ժողովուրդը ստիպված էր այլ հարցեր լուծել: Ներկա պայմաններում Հայաստանը պետք է այդ բացը լրացնի յոթ մղոնանոց քայլերով:
«Մեզ մնում է ժողովրդավարության հաղթանակի համար պայքարել ամեն օր, ամեն ժամ: Այլ ճանապարհ չկա, Հայաստանի ապագան հենց դա է»,- հայտարարել է Սարգսյանը:
Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն էլ իր ելույթում շեշտը դրել է նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պարբերաբար կրկնվող կեղծումների վրա, որոնք դարձել են Հայաստանի կյանքի անբաժան մասը: Դեմիրճյանի խոսքով, հենց ընտրությունների կեղծումն է մարդու իրավունքների խախտման ամենաաղաղակող փաստը:





























