Վերջին 10 տարվա ընթացքում բարձրագույն կրթությունը աշխարհում սկսել է զանգվածային բնույթ կրել, իսկ ամբողջ աշխարհում ուսանողների թիվը վերջին 10 տարվա ընթացքում մոտ 35 տոկոսով ավելացել է։  Այդ ամենը բերել է կրթական որակի անկման։ Այս մասին հոկտեմբերի 19-ին Եվրասիա միջազգային համալսարանում հրավիրված «Մրցակցություն եւ համագործակցություն բարձրագույն կրթության բնագավառում» կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում եւս զանգվածային բուհական կրթության առկայությունը կրթական բարեփոխումների պահանջարկ է առաջացրել։

Ա. Աշոտյանի խոսքով՝ զարգացած երկրները պահելով կրթության մասսայականությունը, միաժամանակ իրենց լավագույն ԲՈՒՀ-երին փորձում են առանձին ֆինանսավորման մեխանիզմեր հատկացնել՝ էլիտար եւ որակյալ կրթություն ապահովելու համար։ Նախարարի խոսքով՝ Գեմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու նաեւ Ռուսաստանը հենց այդպես էլ վարվում են` խրախուսում են իրենց լավագույն ԲՈՒՀ-երին՝ հատկացնելով նրանց հավելյալ ֆինանսավորում՝ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար։

«Հայաստանում եւս անհրաժեշտ է անցնել էլիտար ու որակյալ կրթության։ Անհրաժեշտ է մեխանիկական կամ ուսանողների թվով ֆինանսավորումից՝ անցում կատարել մրցակցային ֆինանսավորման, որի արդյունքում հաշվի կառնվի ոչ թե ԲՈՒՀ-երի ուսանողների թիվը, այլ ուսանողների ստացած գիտելիքների արդյունքը»,-ասաց  Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ նմանատիպ ծրագրերից պետք է հավասարապես հնարավորություն ունենան օգտվելու ոչ միայն պետական, այլեւ մասնավոր ԲՈՒՀ-երն` առանց խտրականության, իսկ այդ ամենը կարող է նպաստել կրթության որակի բարձրացմանը։  
Ա. Աշոտյանի խոսքով՝ այս ուղղությամբ պետական եւ մասնավոր ԲՈՒՀ-երի  առաջարկները հաշվի են առնվել եւ համապատասխան օրենսդրական փաթեթը արդեն ուղարկվել է ՀՀ Ազգային Ժողով։

Ա. Աշոտյանը նշեց նաեւ, որ Համաշխարհային բանկի «Կրթության որակի համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրով նախատեսվում է, որ 2011-2012 թվականներին մրցութային կարգով ԲՈՒՀ-երին տրամադրել դրամաշնորհներ՝ բարձրագույն կրթության ֆինանսավորման, ուսանողական վարկերի մեխանիզմի ներդրման եւ ԲՈՒՀ-երում կրթության որակի ապահովման ներքին մեխանիզմների հետ կապված կրթական որակի բարելավմանը ուղղված ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։