«Ադրբեջանական հռետորաբանությունը զսպելու փորձերից որոշակի ժամանակ անց Հայաստանի նախագահի կոշտ պատասխանը հասկանալի է եւ բնական»: Ըստ թերթի՝ երեկ Երեւան-Մոսկվա-Թբիլիսի հեռուստակամուրջի ժամանակ նման միտք է արտահայտել քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Թերթը հիշեցնում է, որ սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ունեցած ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մասին, մասնավորապես ասել էր. «Ադրբեջանն ինքը սկսեց պատերազմ, ինքը պարտություն կրեց այդ պատերազմում, ինքը խնդրեց զինադարար (այդ թվում՝ նաեւ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարից): Հետո ինքը սկսեց լաց ու կոծ դնել պատերազմի ծանր հետեւանքների մասին: Կարծես թե պատերազմի հետեւանքները կարող էին հաճելի լինել: Այսքանից հետո ինքը սկսեց «խրոխտ» կեցվածքով պայմաններ թելադրել: Կարծես թե աշխարհում եղել է մի դեպք, երբ պարտվող զավթիչներն են պայմաններ թելադրել»:

«Յուրաքանչյուր ելույթ ունի ձեւ եւ բովանդակություն: Նախագահի ասածների բովանդակությունը նորություն չէ` այն հայտնի է առնվազն Ֆուկինիդի, եթե չասեմ՝ Ռամզես Երկրորդի ժամանակներից. Բանակցություններ վարել` առանց անցած պատերազմի արդյունքները հաշվի առնելու, հնարավոր չէ»,- նշել է Ա.Իսկանդարյանը:

Նրա կարծիքով, նախագահ Ս.Սարգսյանի ելույթի ձեւը կոշտ էր, եւ հասկանալի է, թե ինչու:

«Հնգօրյա պատերազմից հետո (Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ) որոշ ժամանակով հռետորաբանությունը Ադրբեջանում նվազել էր, բայց դրանից հետո կրկին ակտիվացավ, եւ բավական կոշտ ու կտրուկ հայտարարություններին պատասխան տրվեց»,- ասաց Ա.Իսկանդարյանը՝ նշելով, որ ադրբեջանական հայտարարությունների պատճառները հասկանալի են` նոյեմբերի 7-ին այդ երկրում խորհրդարանական ընտրություններ պետք է տեղի ունենան: