Ընտանեկան բժիշկների միջին հաշվարկային աշխատավարձը 2011 թ. կկազմի մոտ 84.7 հազ. դրամ՝ ներկայիս 77 հազարի դիմաց: Այսօր` հոկտեմբերի 20-ին, խորհրդարանային բյուջետային քննարկումների ժամանակ նման հայտարարություն կատարելով, ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հատուկ ընդգծեց, որ բժիշկների եւ մյուս բուժաշխատողների աշխատավարձի չափերը ինքնուրույնաբար որոշվում են առողջապահական հիմնարկների կողմից: Ինչ վերաբերում է բյուջետային ֆինանսավորմանը, ապա այն իրականացվում է ըստ հիվանդների թվի: Սակայն առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ընդմիջելով ֆինանսների փոխնախարարին, հարկ համարեց պատգամավորներին տեղեկացնել,որ բյուջետային ֆինանսավորման մեխանիզմն այնպիսին է, որ պոլիկլինիկաների տնօրենները չեն կարող բժիշկներին ցածր աշխատավարձեր նշանակել, թեեւ որոշ բժիշկներ առայսօր բողոքում են տնօրենների կամայականությունից; Քուշկյանը խորհուրդ տվեց դժգոհ բժիշկներին անմիջապես դիմել նախարարին:

Ըստ առողջապահության նախարարի տեղեկատվության՝ բժիշկների միջին աշխատավարձը 2011 թ. կկազմի մոտ 80 հազ. դրամ, իսկ միջին բուժաշխատողներինը՝ 54 հազ. դրամ: Պատգամավոր Վարդան Բոստանջյանը հիշեցրեց, որ մեր հասարակության մի շերտ մեծ գումարներ է տալիս բուժհիմնարկներին՝ «շնորհակալության» կարգով: Բոստանջյանի բնորոշումը ակնհայտորեն դուր եկավ առողջապահության նախարարին, որը նույնպես համարում է, որ բժիշկներին տրվող ոչ պաշտոնական գումարը կաշառք չէ: Նա խոստացավ այդ հարցը կարգավորել, որպեսզի առողջապահական հիմնարկները կարողանան նորմալ աշխատել: Ըստ Քուշկյանի՝ պարզապես այդ ոչ պաշտոնական գումարները պետք է պաշտոնականացվեն եւ մուտք արվեն հիմնարկի գանձարկղ: Մի շարք բուժհիմնարկներ իսկապես, կարողացել են ներդնել համավճարի սկզբունքը (օրինակ՝Էրեբունու հիվանդանոցը):

Իսկ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ բժիշկներն իրենց ոչ պաշտոնական եկամուտների մի մասը հարկի տեսքով տրամադրում են վերադասին: