Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը նախորդ տարվա համեմատ 30-35 տոկոսով քիչ է մերժել մուտքի արտոնագիր ստանալու դիմած Հայաստանի քաղաքացիներին։ Այս մասին հոկտեմբերի 21-ին կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապենը։ Ըստ նրա՝ 2010 թվականին Հայաստանում Ֆրանսիայի վիզա չի տրամադրվել ընդհանուր դիմողների 10 տոկոսին։ Գրապենը տեղեկացրեց նաեւ, որ մուտքի արտոնագրի տրամադրման համար որոշակի փոփոխություններ են եղել։
Ըստ այդմ, եթե 2008 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանի քաղաքացին Ֆրանսիայի մուտքի արտոնագիր է ստացել, ապա այս տարվա նոյեմբերի մեկից սկսած նա կարող է չներկայացնել ծննդյան, երեխաների ծննդյան, ծնողների ծննդյան վկայականները, ծնողների ամուսնության, ամուսնալուծության վկայականները, սեփականաշնորհման, եւ մասնավոր ձեռնարկությունների վկայականները, եթե ընթացքում որեւէ փոփոխություն չի եղել։ Փոփոխությունը վերաբերում է միայն կարճաժամկետ (C) կարգի մուտքի արտոնագրի տրամադրմանը։
Գրապենի խոսքով՝ փոփոխությունը փոխվստահությամբ է պայմանավորված, ինչպես նաեւ ուղղված է Ֆրանսիա մեկնող Հայաստանի քաղաքացիների ծախսերի նվազեցմանը։ «Ցանկանում ենք, որ մարդիկ ավելորդ ծախսեր չկատարեն փաստաթղթերի ձեռբերման համար, եթե նրանք արդեն ներկայացրել են դրանք»,- ասաց հյուպատոսը՝ ընդգծելով, որ եթե մեկնող քաղաքացին, առեւտրային նոր գործունեություն, ընտանիքի կարգավիճակի փոփոխություն է ունեցել, ապա դրանց մասին վկայող փաստաթղթերը պետք է ներկայացնի։
Ըստ Գրապենի՝ դեսպանատուն ներկայացվող փաստաթղթերը պետք է լինեն հայերեն՝ ֆրանսերեն թարգմանությամբ, կամ ֆրանսերեն, կամ անգլերեն։ «Այսուհետեւ ռուսերեն փաստաթղթեր չենք ընդունելու, եթե իհարկե դրանք ԽՍՀՄ տարիներին տրված փաստաթղթեր չեն»,- նշեց հյուպատոսը։
Գրապենը տեղեկացրեց նաեւ, որ նոյեմբերի 15-ից դեսպանատանը հանդիպման (ինտերվյուի) համար հնարավոր կլինի տեղեկացնել նաեւ ինտերնետով։





























