Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 21-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին եւ Հայաստանում անցկացվող «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի մասնակիցների պատվիրակությանը:

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԽ դերը մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման գործում` ընդգծելով համաեվրոպական արժեքներին Հայաստանի նվիրվածությունը:

«Մարդու եւ քաղաքացիների հիմնարար ազատությունների, ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության, մեր պետականության հիմնաքարերից են: Հայաստանի անկախացումից հետո, այդ ուղղությամբ մենք զգալի ճանապարհ ենք անցել: Այնուհանդերձ, հստակորեն գիտակցում ենք, որ դեռեւս շատ աշխատանք ունենք կատարելու եւ մենք հաստատակամորեն տրամադրված ենք այդ ճանապարհն անցնելու մինչեւ վերջ, թեեւ ասում են, որ այդ ճանապարհը վերջ չունի»,-նշել է Սերժ Սարգսյանը:

Երեւանում անցկացված երկօրյա Ֆորումը համարելով նշանակալից իրադարձություն ե´ւ ԵԽ-ի, ե´ւ Հայաստանի համար, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն ասել է, թե շատ ուրախ է տեսնել, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդում լավ գործընկեր է:  

«Մենք, իհարկե, ուշի-ուշով հետեւում ենք Հայաստանում ընթացող զարգացումներին: Ես համակարծիք եմ Ձեզ հետ, պարո´ն նախագահ, որ դուք արդեն անցել եք բավականին երկար ուղի: Եվրոպայի խորհրդի հիմնական առաքելությունն է` օգնել պետություններին հաղթահարելու այդ ճանապարհը կամ իմ բնորոշմամբ` մայրուղին: Ես նաեւ համակարծիք եմ, որ այդ մայրուղին վերջ չունի: Ընդ որում` գիտենք, որ ճանապարհի երկու կողմում էլ աշխարհում կան բազմաթիվ խոչընդոտներ ժողովրդավարության համար: Եւ որքան առաջ ենք ընթանում` նորերն են ավելանում»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

Թորբյորն Յագլանդը բարձր է գնահատել նաեւ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի գործունեությունը` նշելով, որ նա աջակցում է Եվրոպայի խորհրդում ձեռնարկվող բարեփոխումներին, որոնք միտված են կազմակերպությունն ավելի նպատակային դարձնելու եւ ժողովրդավարության ապագա մարտահրավերներին ավելի լավ նախապատրաստելու համար: