Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը կարծում է, որ «Եդինայա Ռոսիան» «սպասուհի-կուսակցություն» է: Ինչպես հաղորդում է BFM.RU-ն, Լուժկովը իշխող կուսակցության վերաբերյալ (որի ստեղծման ակունքներում է եղել նաեւ ինքը) իր կարծիքը հայտնել է Ռուսաստանի պետական առեւտրա-տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
«Ես ժամանակին նախաձեռնել էի «Օտեչեստվո» (Հայրենիք) կուսակցության ստեղծումը: Այն լուրջ, ինտելեկտուալ ու ակտիվ կուսակցություն էր: Հետո մենք միավորվեցինք «Եդինստվո» (Միություն) կուսակցության հետ, որի արդյունքում «Օտեչեստվոն» այդ ցածր պոտենցիալ ու ինտելեկտ ունեցող կուսակցությունում ձուլվեց»,- հայտարարել է Լուժկովը նկատելով, որ քննադատաբար է վերաբերում այն կուսակցությանը, որը լքել է:
Կուսակցական կյանքը Լուժկովը բնութագրել է այսպես. «Երբ մենք ընդունում էինք արտոնությունների մոնետիզացիայի օրենքը, մոտ 2 հազար դիտողություն է արվել, սակայն այն ընդունվել է առանց քննարկումների: Այդպես չի կարելի: Մենք ամեն ինչում ենթարկվում էինք ղեկավարությանը»,- նշել է նա:
Ըստ Լուժկովի՝ նախագահի աթոռի համար պայքարին մասնակցելու հարցը տեղին չէ: Նա նաեւ մտադիր չէ մասնակցել խորհրդարանական ընտրություններին:
Նշենք, որ Լուժկովին ազատել են զբաղեցրած պաշտոնից՝ սեպտեմբերի 28-ին: Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում նրան փոխարինել է Սերգեյ Սոբյանինը:





























