Հոկտեմբերի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումին մասնակցելու նպատակով:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանն ընդգծել է, որ Երեւանում անցկացված այս ֆորումը լավ հնարավորություն ընձեռեց Եվրոպայում ժողովրդավարության զարգացման շուրջ կարծիքների փոխանակման համար:
Իր հերթին Թորբյորն Յագլանդը նշելով, որ Հայաստանը կանգնած է «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումի ակունքներում, շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին բարձր մակարդակով ֆորումը կազմակերպելու համար:
ՀՀ ԱԳ նախարարը Հայաստանի աջակցությունն է հայտնել ԵԽ բարեփոխման գործընթացին` նշելով, որ դա անհրաժեշտ է կազմակերպության գործունեությունը առավել արդյունավետ դարձնելու համար:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, եւ հիմնահարցն այլ հարթակներ տեղափոխելը վնաս կհասցնի ընթացող բանակցային գործընթացին:




























