Ռուսաստանցի իրավապահները Մոսկվայում ձերբակալել են «օրենքով գող» Լաշա Ջոլոգուային՝ «Լաշա Գագրսկի» մականունով: Նրա հագուստի տակից 26,6 գրամ հաշիշ է հայտնաբերվել:
«Ռոսբալթ»-ի փոխանցմամբ, ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Ջոլոգուայի մոտ հաշիշի խմբաքանակ կա: Նա նախատեսում էր դա բաժանել «օրենքով գողերի» մեջ, որոնք գտնվում էին մեկուսարանում: «Դուրս էի գալիս վարսավիրանոցից, իսկ ինձ ձերբակալում եք»,- ոստիկաններին ասել էր Լաշան:
Իրավապահների տեղեկություններով՝ 39-ամյա Ջոլոգուան բազմիցս դատապարտվել է: Մոսկվայում նա համակարգում էր մի քանի խմբավորումների, որոնք զբաղվում էին գումար տեղափոխողների վրա ավազակային հարձակումներով եւ մեքենաներից պայուսակներ գողանալով: Լաշան «օրենքով գողեր» Ասլան Ուսոյանի՝ «Դեդ Հասանի» եւ Լաշա Շուշանիշվիլիի կլանի անդամ է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 16-ին Մոսկվայի Տվերսկոյ փողոցում մահափորձ էր եղել «Դեդ Հասանի» դեմ: Նրան թիկնապահի՝ Արթուր Բաղրամյանի հետ տեղափոխել էին հիվանդանոց: Ուսոյանը որովայնի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել, սակայն կենդանի էր մնացել:



























