Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 21-ին մասնակցել է Երեւանում «Էրիքսոն» ընկերության գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Էրիքսոն» ընկերության Հյուսիսային Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Պուշկարիչի հետ նոր գրասենյակի մուտքի ժապավենը կտրելուց հետո վարչապետ Սարգսյանը նշել է. «Էրիքսոն» ընկերությունն իր վստահությունը վաստակել է երկարաժամկետ գործունեության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արձանագրած հաջողությունների շնորհիվ։ Հայաստանի կառավարության համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն առաջնահերթություն է, եւ ՏՏ շուկայում ընկերության ակտիվ գործունեությունը նպաստելու է մեր ծրագրի իրականացմանը։ Մենք շահագրգռված ենք, որ «Էրիքսոն»-ն ավելացնի իր գործունեությունը մեր շուկայում` խթանելով մրցակցությունը ու բերելով բիզնես միջավայրում նոր վարվելաձեւ եւ նոր ստանդարտներ։ Գրասենյակի բացումը նշանակում է, որ «Էրիքսոն»-ը Հայաստանում ունի երկարաժամկետ ծրագրեր, եւ նրա հաճախորդները կկարողանան ստանալ նոր տիպի որակյալ ծառայություններ»։
Կառավարության ղեկավարն ընդգծել է ուսանողական միջավայրում գրասենյակի բացման կարեւորությունը, ինչը կնպաստի կրթական համակարգի, գիտության եւ իրական հատվածի միջեւ կապի ապահովմանը։
Անդրադառնալով ՏՏ ոլորտում իրականացվող մալուխային կապի լայնաշերտ ցանցի ստեղծման ծրագրին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Այդ ծրագրի իրականացումը, մի կողմից, խթանելու է մրցակցությունը, մյուս կողմից` ստեղծելու է այնպիսի միջավայր, որը հնարավորություն կտա միասնական ոլորտային ցանցով միմյանց կապել կրթական հաստատությունները, դպրոցները, համալսարանները, պետական կառավարման մարմինները եւ ավելի էժան ու որակյալ ծառայություններ մատուցել ՀՀ բոլոր համայնքներին։ Նմանատիպ նախաձեռնություններ եւ առաջարկություններ կառավարությունը հետագայում եւս իրականացնելու է, եւ «Էրիքսոն»-ի ներկայությունը մեր շուկայում մեզ վստահություն է տալիս, որ նման ծրագրերի նկատմամբ հետաքրքրությունը լինելու է բավական մեծ»։





























