Այսօրվա դրությամբ հայկական բանակի զորամասերում տեսադիտման սարքերի տեղադրում նախատեսված չէ, քանի որ այդ տեսախցիկները հրամանատարական կազմի աչքերն են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա հավաստիացրել է, որ տարեցտարի այդ «աչքերն» ավելի լավ են տեսնելու: Ընդ որում նախարարը նշել է, թե որոշ հրամանատարներ շատ ջանասեր չեն կամ պատրաստության ցածր մակարդակ ունեն, բայց ընդհանուր առմամբ հրամկազմը լավ է աշխատում:
«Ոչ մի հրամանատար չի ցանկանում, որ իր զորամասում միջադեպեր լինեն: Իսկ եթե բանակում միջադեպեր լինում են եւ հասարակությունն արագ իմանում է այդ մասին, դա միայն խոսում է հանրապետության զինված ուժերի թափանցիկության մասին»,- նկատել է նախարարը՝ հավելելով, որ նախկինում էլ բանակում միջադեպեր են եղել:
Օհանյանը նշել է նաեւ, որ նախատեսվում է ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը: Ստեղծվելու են նաեւ արհեստավարժ ստորաբաժանումներ: Մեծ ուշադրություն է դարձվելու զինվորականների եւ սպաների կրթական ծրագրերին, ինչը կնպաստի կարգապահական կանոնների ամրապնդմանը:




























