MapWork ստարտափը լավագույնն է ճանաչվել UpStart ստարտափերի մրցույթի վերջին փուլի՝ pitch day-ի արդյունքում՝ ստանալով 2500 ԱՄՆ դոլար մրցանակ: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են Gettreated եւ Terreva ստարտափերը` ստանալով համապատասխանաբար 1000 դոլար եւ ArmPhone մրցանակ:

UpStart-ին մասնակցելու հայտով 80 ստարտափերից ընտրվել էին 15 լավագույնները, որոնք էլ հոկտեմբերի 29-ին կայացած վերջին փուլի ընթացքում ելույթներով ներկայացան հայկական և արտասահմանյան ներդողների առջեւ: Նրանց թվում էին International Telecommunication Union-ի գլխավոր քարտուղարի խորհրդական Վալտեր Մուրադյանը (Շվեյցարիա), Energize Global Services ընկերության տնօրեն Ռիչարդ Բեզջյանը (ԱՄՆ), Pobeda Confectionery ընկերության տնօրեն Անդրեյ Մուրավյովը (ՌԴ), Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը (Հայաստան) և այլք:

Պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում էին ABRT վենչուրային հիմնադրամի հիմնադիր Անտոն Տիմաշովը (Ռուսաստան/Շվեյցարիա), AXLR հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Ներին (Ֆրանսիա), Energize global solutions ընկերության փոխտնօրեն Ռուբինա Բեզջյանը, Moscow School of Management SKOLKOVO, Massachusetts Institute of Technology-ի շրջանավարտ Արեւիկ Սահակյանը:

Միջոցառումը կազմակերպվել էր Մայկրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնի (Microsoft Innovation Center) եւ Ինովացիոն Տեխնոլոգիաների Ինստիտուտի (Institute of Innovation Technologies) համատեղ ջանքերով:

Միջոցառմանը ներկա էին ավելի քան 300 հյուրեր՝ հայկական եւ արտասահմանյան ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ, ներդրումային հիմնադրամների, ֆինանսաբանկային, ուսումնական, առողջապահական համակարգերի ներկայացուցիչներ: