Թուրքիայում 150 քուրդ գործիչների դատավարության ժամանակ արգելվել է քրդերենով պաշտպանություն իրականացնել, ինչը բողոքի ալիք է բարձրացրել քուրդ բնակչության շրջանում։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ «Քուրդիստանի հասարակությունների միություն/ Թուրքիայի խորհրդարան» (KCK/TM)-ի կողմից հայտարարություն է տարածվել, որով կոչ է արվում քուրդ բնակչությանը ավելի շատ խոսել քրդերեն, մասնավորապես՝ պետական կառույցներում։
KCK/TM-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե Էրդողանի կուսակցությունը քրդերի նկատմամբ քաղաքական ցեղասպանություն է սկսել՝ միաժամանակ շարունակելով մշակութային ցեղասպանությունը եւ ձուլման քաղաքականությունը։

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին 150 քուրդ քաղաքական գործիչների դեմ դատավարություն է սկսվել, ովքեր մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK-ի հետ կապեր ունենալու եւ նրա օգտին քարոզչություն անելու մեջ։  Ամբաստանյալների մեծ մասն անդամակցում են քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը։ Նրանց մեջ են ներկա եւ նախկին բազմաթիվ քուրդ քաղաքապետեր։