Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ հրատապ եռակողմ հանդիպումը պայմանավորված է նրանով, որ Բաքվի դիրքորոշումը վտանգի տակ է դրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, որն այժմ ձախողման եզրին է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Նրա խոսքով, ներկայումս Ադրբեջանն իր ռազմաշունչ հայտարարություններով եւ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերով բանակցությունները դե ֆակտո վտանգի տակ է դրել։ «Իր դիրքորոշմամբ Բաքուն պարզապես թքեց միջազգային հանրության եւ միջնորդ երկրների վրա՝ ցույց տալով, որ բանակցությունների ընթացքում ներկայացված ոչ մի փաստաթուղթ իր համար նշանակություն չունի»,- նկատեց Սաֆարյանը՝ ավելացնելով, որ ստեղծված իրավիճակը չի կարող չանհանգստացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ գերտերություններին։
Հենց սրանով էլ, փորձագետի կարծիքով, պայմանավորված է Աստրախանում կայանալիք եռակողմ հանդիպումը։ «Միջնորդ երկրները եւ մասնավորապես Ռուսաստանը փորձում են այսկերպ փրկել բանակցային գործընթացը։ Այնպես որ, հանդիպման օրակարգը բավականին ընդգրկուն կլինի»,- ընդգծեց Սաֆարյանը։ Նա նաեւ բացառեց, որ հանդիպման ժամանակ կողմերին նոր առաջարկություններ կարվեն։
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Աստրախանում Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Դրանից առաջ երկու նախագահները ընթացիկ տարվա հունիսին հանդիպել էին Սանկտ-Պետերբուրգում, ինչի ժամանակ ներկայացվել էր Մադրիդյան սկզբունքների վերջնական տարբերակը, որը Երեւանն ընդունել էր որպես բանակցությունների հիմք։




























