Իրանը պատրաստ է Հայաստանին օգնել երկաթուղու շինարարության հարցում, սակայն անհրաժեշտ միջոցներ չունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ հանձնաժողովներում 2017-ի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությանը՝ փոխնախարարը նշել է, որ նախագիծը ծախսատար է: «Մենք այնպիսի պայմանավորվածություններ ունենք, որոնք բավարար չեն այդ նախագիծն իրականացնելու համար: Ճիշտ չէ ակնկալել, որ Իրանը ներդրումներ կկատարի, քանի որ Իրանն այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ պատժամիջոցների չեղարկումից հետո տնտեսության լիակատար վերականգնման համար միջոցների կարիք ունի»,- նշել է Շավարշ Քոչարյանը:
Անդրադառնալով այսպիսի հանգամանքների առկայությամբ Ադրբեջանի հետ երկաթուղու շինարարությանը՝ փոխնախարարն ընդգծել է, որ նախագծի ֆինանսական կողմը Ադրբեջանն է ապահովում: «Դրանից զատ, երկաթուղին հարթավայրի վրա է կառուցվում, ինչը գործը հեշտացնում է: Ադրբեջանն իր հատվածն է կառուցում, ավելին՝ Ադրբեջանը Իրանին փող է հատկացնում նաեւ Իրանի տարածքում երկաթուղու շինարարության համար: Իսկ մեր դեպքում Իրանն իր տարածքում պետք է կառուցի երկաթուղու մի հատվածը, մենք՝ մեր»,- պարզաբանել է Շավարշ Քոչարյանը:




























