Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բեռլինում հանդիպում ունեցավ Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։

ՀՀ ԱԳ նախարարը եւ Գերմանիայի կանցլերի գլխավոր խորհրդականը մտքեր փոխանակեցին հայ-գերմանական հարաբերությունների եւ դրանց զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում հանգամանալից զրույց ծավալվեց միջազգային, տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերն` ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը:

Կողմերն անդրադարձան Մերձավոր Արեւելքում առկա իրավիճակին, փոքրամասնությունների պաշտպանության խնդիրներին, փախստականների օժանդակության հետ կապված հարցերին։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, դրանց նոր իրավական հիմքի շուրջ ընթացող բանակցությունների շուրջ։