2017 թվականին Հայաստանի կառավարությունը կշարունակի պատրաստվել 2019թ. նախանշված Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT): Այս մասին ասված է 2017թ. պետբյուջեի նախագծում, որի քննարկումներն Ազգային ժողովում շարունակվել են նոյեմբերի 7-ին:
Բյուջեից 95 մլն դրամ (շուրջ 200 հազար դոլար - խմբ.) կհատկացվի՝ որպես երաշխավորված վճարում:
Համաժողովը Հայաստանում անցկացնելու մասին որոշումը կայացվել է 2015 թվականին, Հայաստանի ՏՏ ձեռնարկությունների միության եւ Էլեկտրակապի միջազգային միության (ITU) միջեւ:
Գյումրի եւ Վանաձոր քաղաքների տեխնոլոգիական կենտրոնների աջակցությանը հատկացվելու է 150 մլն դրամ (շուրջ 317 հազար դոլար - խմբ.). գրեթե նույնքան, որքան 2016-ին:
ՏՏ ոլորտի այլ ծրագրերի իրականացման համար կհատկացվի 98.7 մլն դրամ (շուրջ 208 հազար դոլար - խմբ.) կամ նույնքան, որքան 2016 թվականին: Ծրագրերը կներառեն արտերկրի ցուցահանդեսներում Հայաստանի ՏՏ ոլորտ ընկերությունների ներկայացումը:




























