Հայաստանի զինված ուժերում պետք է ծառայեն բացառապես առողջ մարդիկ։ Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտարարեց Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

Նրա խոսքով, գարնանային հավաքի ժամանակ մեծ թվով երիտասարդներ ուղարկվել են բժշկական լրացուցիչ զննման։ Նրանցից 92-ին բուժման կուրս են նշանակել, իսկ 44 հոգի ծառայության համար ոչ պիտանի է ճանաչվել։

Խաչատուրովի կարծիքով, տղաների բժշխական ստուգումները պետք է անցնեն զինվորական կոմիսարիատների խիստ վերահսկողության տակ։

Այնուհետեւ նա գոհունակությամբ նկատեց, որ հայ հասարակության մեջ բարձրանում է բանակի հանդեպ վստահությունը։ Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ դա օրենսդրական փոփոխությունների, կառավարության որոշումների եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գործողությունների արդյունք է։

Խոսելով գարնանային հավաքի մասին՝ Յուրի Խաչատուրովն ընդգծեց, որ հավաքն ընդհանուր առմամբ կազմակերպված է անցել, սակայն ծառայությունից խուսափողների թիվը չի փոխվել։ «Բնակչության հետ պետք է ագիտացիոն աշխատանքներ իրականացնել»,- հայտարարեց Խաչատուրովը՝ ավելացնելով, որ դա կօգնի հասնել նրան, որ մարդիկ բանակ ուղարկեն իրենց երեխաներին։