Հոկտեմբերի 23-24-ը շվեյցարական Մոնտրո քաղաքում տեղի է ունեցել  Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների 13-րդ գագաթաժողովը, որը կայացել է  կազմակերպության 40-ամյակի շրջանակներում: Գագաթաժողովին մասնակցելու համար Մոնտրո էին ժամանել կազմակերպության 70 անդամ, ասոցիացված  եւ դիտորդ երկրների բարձրաստիճան  պատվիրակությունները:

Ֆրանկոֆոնիայի հոբելյանական գագաթաժողովին մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ելույթ ունենալով գագաթաժողովին Հայաստանի  ԱԳ նախարար կարեւորել է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը եւ կազմակերպության դերը` բազմամշակութային երկխոսության միջոցով ժողովուրդների եւ երկրների միջեւ խաղաղության ու համերաշխության ամրապնդման գործում:

Է. Նալբանդյանն իր գոհունակությունն է հայտնել 2011 թ. Ֆրանկոֆոն քաղաքների Գլխավոր Ասամբլեան Երեւանում անցկացնելու որոշման կապակցությամբ եւ ընդգծել, որ այդ որոշումը նաեւ կազմակերպության յուրահատուկ գնահատականն է  Հայաստանին` որպես ակտիվ անդամի եւ վստահելի գործընկերոջ:

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի եզրափակիչ բանաձեւում  առաջին անգամ ընդգրկվել է արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ դրույթ, որտեղ մասնավորապես ասվում է. «Մենք վերահաստատում ենք մեր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կվտանգի խաղաղ գործընթացի ապագան: Մենք կոչ ենք անում կողմերին` շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների ամբողջության հիման վրա` որպես այս հակամարտության հավասարակշռված եւ երկարատեւ կարգավորման հիմք»:

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրել է գործող գլխավոր քատուղար Աբդու Դիուֆին:

Համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը նաեւ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ:

Գագաթաժողովի ընթացքում կազմակերպվել է նաեւ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների մշակութային բազմազանությանը նվիրված «Ֆրանկոֆոնիայի ավան» միջոցառումը, որին Հայաստանը ներկայացված էր հայ հոգեւոր եւ դասական երաժշտության կատաարումներով: