Առանց ինովացիոն քաղաքականության տնտեսական աճ ապահովելը անհնար է: Այդ  պատճառով կարեւոր է ինովացիոն էկոհամակարգի ստեղծումն ու հստակ իրականացումը, ասաց  տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը նոյեմբերի 15–ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

«Պետության կողմից ինովացիոն էկոհամակարգի ձեւավորմանը ուղղված բավականին լուրջ քայլեր եւ ներդրումներ են կատարվել՝ տեխնոլոգիական կենտրոնների հիմնադրման, ազատ տնտեսական գոտիների եւ  վենչուրային ֆոնդերի ստեղծման եւ գրանտային ծրագրերի իրականացման տեսքով, որոնք հանդիսանում են ինովացիոն էկոհամակարգի ենթակառուցվածքները», –ասաց նա:

Էմիլ Տարասյանի խոսքով, պետք է ապահովել վերը նշված ինովացիոն էկոհամակարգի ենթակառուցվածքների միջեւ կապը: Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարարը ինովացիոն էկոհամակարգը համեմատել է կենդանի օրգանիզմի հետ, որի արյունատար անոթները վերը նշված ենթակառուցվածքներն են: «Պետք է ապահովել այս ենթակառուցվաքների միջեւ կապը, որը կապահովի ինովացիոն գաղափարի շղթայի իրականացումը՝ հետազոտություններից մինչեւ պրոտոտիպի ստեղծում, արդյունաբերություն եւ իրացում» ,- հավելել է Էմիլ Տարասյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-19-ը Դիլիջանում «Հայաստան 20.18 - 2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո կանցկացվի 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը:

Երկօրյա ինովացիոն ֆորումին աջակցություն է ցուցաբերվել «ԵՄ-ն բիզնեսի համար» եւ «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնությունների շրջանակում: Այն բացառիկ հարթակ է, որտեղ մասնագետների թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների  եւ շփումների միջոցով կներկայացվի ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, կծավալվի գործնական քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաեւ կմշակվի օրակարգ՝ 2018 թվականին Հայաստանը աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար:

Բիզնես ինովացիոն ֆորումին կմասնակցեն տեղական եւ միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ: