«Ժառանգություն» կուսակցության ներկաացրած՝ Լեռնային Ղարաբաղի անկախության մասին օրինագծի ճակատագիրն անորոշ է մնում:
Հոկտեմբերի 25-ին մեկնարկած քառօրյայում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է օրինագիծը քվեարկության դնել առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդում ավելի մանրամասն քննարկել այն եւ անհրաժեշտության դեպքում փոփոխել կամ լրացնել:
Սակայն խորհրդարանի նախագահ, հանրապետական Հովիկ Աբրահամյանը առաջարկել է չշտապել եւ նախքան փաստաթուղթը քվեարկության դնելը խորհրդակցել կոալիցիայի հետ՝ խոստանալով փաստաթուղթը քվեարկության դնել ընթացիկ քառօրյայի ընթացքում:
Լրագրողների հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը նկատել է, որ պատրաստ է փոխզիջման գնալ եւ փաստաթուղթը քվեարկության չդնել, եթե կոալիցիան ինչ-որ փոխզիջումային որոշում առաջարկի, ասենք, որ փաստաթուղթը բոլոր խորհրդարանական ուժերի ստորագրությամբ մտնի մեծ օրակարգ: Նա ընդգծել է կրկին, որ փաստաթղթի ընդունումը չի վնասի Ղարաբաղի բանակցային գործընթացին:
Նշենք, որ դեռ նախորդ քառօրյայի ընթացքում խորհրդարանական մեծամասնությունը խոստացել էր քննարկել բոլոր հարցերը «Ժառանգության» հետ, բայց անցած երկու շաբաթվա ընթացքում որեւէ քննարկում չի եղել: Իսկ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հայտնել էր, որ եթե փաստաթուղթը քվեարկության դրվի, հանրապետականները շատ արդյունավետ կգործեն՝ չհստակեցնելով, թե ինչ նկատի ունի:




























