Պետական մարմինները պետք է Կառավարությանը ներկայացնեն բոլոր առկա ներդրումային ծրագրերը եւ եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնեն դրանց առաջընթացի մասին։ Այս մասին նոյեմբերի 18-ին Կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը, որը գործընթացի վերահսկողությունը հանձնարարել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը։
Կարապետյանը հիշեցրեց, որ նախարարությունում ստեղծվել է ներդրումային ծրագրերի ներկայացման պլատֆորմ, իսկ կայքում կա ծրագիրը ներկայացնելու ձեւաչափը։ Վարչապետը մարզպետներին եւ պետական մարմինների ղեկավարներին հանձնարարեց հավաքել եւ ներկայացնել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումային ծրագրերը։ «Դա չի նշանակում, որ եթե ծրագրերը հայտնվեն հետո, ապա դրանք ներկայացնել պետք չէ։ Բայց մեկ ամսում պետք է հավաքել ամեն բան, ինչ որ ձեռքի տակ կա»,– պարզաբանեց Կարեն Կարապետյանը։
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Նույն մեկամսյա ժամկետում նա առաջարկեց ծրագրերը ներկայացնել Երեւանի քաղաքապետին, Առեւտրաարդյունաբերական պալատին, Արդյունաբերողների եւ ձեռներեցների միությանը։ Դրանից հետո Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը պետք է հավաքի ամենաիրատեսական ծրագրերը եւ դրանք հանձնի արտասահմանում հայկական դիվանագիտական ներկայացուցչություններին եւ պոտենցիալ ներդրողներին։ Դրանից հետո պետք է եռամսյակային հաշվետվություն ներկայացնել կատարված աշխատանքի մասին։
«Կառավարության ծրագրում մենք նախատեսել ենք բիզնեսի ծրագրերի խթանման ֆոնդ ստեղծել։ Մենք միշտ կարողացել ենք եւ կարող ենք աջակցել մասնավոր սեկտորին։ Բայց դրա համար մեզ ծրագրեր են պետք, որոնք առավելագույն արդյունքը կտան»,– եզրափակեց վարչապետը։












