Պետք է զարկ տալ Հայաստանի եւ Իրանի միջեւ միջմարզային համագործակցությանը: Այս մասին, նոյեմբերի 17-ին, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության հեռանկարները:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Նախարար Կարայանն իր ներածական խոսքում նշել է, որ Իրանի Իսալամական Հանրապետությունը կարեւոր տնտեսական գործընկեր է Հայաստանի համար, եւ հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել երկու երկրների տնտեսական համագործակցությունն ավելի ակտիվացնելու համար:
Նախարարն այս համատեքստում կարեւորել է այս տարի Իրանում կայացած հայկական ապրանքների եւ ծառայությունների ցուցահանդեսը: Սուրեն Կարայանը հանդես է եկել համատեղ խմբի միջոցով ցուցահանդեսի շարունակակությունը ապահովելու առաջարկությամբ: Նախարարն առաջարկել է նաեւ քայլեր ձեռնարկել միջտարածաշրջանային (Հայաստան, Իրան, Վրաստան) զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նախարարին է ներկայացրել այն բոլոր ոլորտները եւ հնարավորությունները, որոնք կնպաստեն երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության խորացմանը:
Դեսպանի խոսքով, Հայաստանը կարեւոր առեւտրային հանգույց է, որ կարող է կապել Իրանը Եվրասական տնտեսական միության անդամ մյուս երկրների հետ: Դեսպանը համագործակցության խթանման տեսանկյունից կարեւորել է Իրանի եւ Հայաստանի միջեւ վիզային ռեժիմի չեղարկումը, օդային հաղորդակցության ակտիվացումը եւ Իրանում մեծ հայկական համայնքի գործոնը: Դեսպանն իր հերթին առաջարկել է զարկ տալ Հայաստանի եւ Իրանի միջեւ միջմարզային համագործակցությանը:
Նախարար Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել Սեյեդ Քազեմ Սաջադիին արդյունավետ քննարկման համար` հույս հայտնելով, որ նման հանդիպումները կլինեն պարբերական:





























