Չնայած Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ «Ժառանգություն» կուսակցությանն այսօր ուղղված կոչին՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագծի շուրջ խորհրդակցել խորհրդարանական մեծամասնության հետ, պարզվեց, որ իշխող կուսկցություններն իրենց ընդդիմադիր գործիչներին առանձնապես ասելիք չունեն։

Ինչպես հայտարարեց ՀՀկ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանը, կոալիցիոն կուսակցությունները խորհրդակցել եւ որոշել են, որ իրենք դեմ են հարցի՝ մեծ օրակարգում ներառմանը։ «Մեր միակ առաջարկությունն այն է, որ նրանք օրինագիծն ընդհանրապես հանեն օրակարգից եւ այն միայն խորհրդարանի ուղերձում թողնեն»,- հստակեցրեց Սահակյանը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն իր հերթին NEWS.am-ի թղթակցին ասաց, որ խորհրդարանական մեծամասնությունը խորհրդակցություններ անցկացնելու առաջարկությամբ դեռեւս իրենց չի դիմել։ Նա ընդգծեց, որ փաստաթղթի քվերակությունը կարող է մշտապես հետաձգվել։ «Այդ դեպքում, ամեն քառօրյայի ժամանակ պետք է բարձրացվի օրինագծի քվեարկության հարցը եւ ամեն անգամ դրա հետաձգման մասին հատուկ որոշում պետք է ընդունվի։ Իսկ դա ամոթ է, այդպես չի կարող լինել։ Վերջիվերջո, խորհրդարանի խոսնակը խոստացել էր մեզ փաստաթուղթը քննարկման դնել այս քառօրյայում»,- նկատեց Սաֆարյանը։