Հայաստանի նախագահը համաձայն չէ, որ Ադրբեջան-Իրան հարաբերություններն այսօր շատ ավելի ամուր են եւ բարիդրացիական, քան Հայաստան-Իրան հարաբերությունները։ Այդ մասին Սերժ Սարգսյանն ասել է «Սքայ Նյուզ Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Մենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ՛ հարեւան ենք, եւ՛ բարեկամ եւ դարեր-հազարամյակներ շարունակ ապրել ենք կողք կողքի, եւ մեր բարեկամությունը շատ երկար ժամանակվա պատմություն ունի, եւ չեմ կարծում, որ որոշակի դեպքեր, իրադարձություններ կարող են խաթարել այդ բարեկամությունը»,- նշել է նա:

«Առավել եւս, որ ես այնքան էլ համաձայն չեմ, որ Ադրբեջան-Իրան հարաբերություններն այսօր շատ ավելի ամուր են եւ բարիդրացիական, քան Հայաստան-Իրան հարաբերությունները: Եվ, ընդհանրապես, ես վստահ եմ, որ մենք մեր իրանցի բարեկամների հետ որեւէ մտահոգություն չունենք մեր երկրներից որեւէ մեկի հարաբերությունների հետ կապված՝ երրորդ երկրների հետ. երրորդ երկրների հետ հարաբերություններն իրենց գործն են, մեր գործն է շարունակել զարգացնել մեր հարաբերությունները տնտեսության ոլորտում, մշակութի ոլորտում, գիտության, կրթության ոլորտներում»,- ասել է Սարգսյանը եւ հավելել. «Ես խորապես համոզված եմ, որ հայ-իրանական հարաբերությունները եւս, բազմաթիվ թելերով կապված լինելով հանդերձ, հիմա էլ ունեն շատ մեծ ներուժ եւ այդ ներուժը մենք պետք է զարգացնենք»: