«Ինձ համար ուրախալի, սակայն փոքր-ինչ մտահոգիչ է միատեսակ կրթական կենտրոնների բացումը. նմանատիպ կենտրոններ բացելը ոչինչ չի փոխի, պետք է կրթական շղթայի բոլոր օղակները լրացնել, ոչ թե կրկնօրինակել միեւնույն օղակը»,- այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը Բիզնես ինովացիոն ֆորումի ժամանակ:
«Կրթությունը պետք է սկսել նախադպրոցական տարիքից: Պետք է մթնոլորտը համակարգային փոխել: Իսրայելի փորձառությունը հեռահար տեսլականով պետական ծրագրերի իրականացման հրաշալի օրինակ է: Այստեղ կառավարությունը դեռ 20 տարի առաջ էր որոշել, որ երկիրը պետք է տեխնոլոգիապես զարգանա: Այդ փոփոխությունները համակարգային են եւ տարածվում են բոլոր ինստիտուտներում: Պետք չէ մեկ ուղղությամբ մտածել»,- ասել է տիկին Փափազյանը:
Նրա կարծիքով մենք շատ քիչ ենք ուշադրություն դարձնում համալսարանական կրթությանը: «Տարեկան մոտ 23 000 շրջանավարտներից ընդամենը 10 000-ն է համալսարանական կրթություն ստանում, հարց է ծագում, թե ուր են գնում այն 13 000-ը. կարծում եմ՝ մի բան այն չէ: Փոփոխությունները պետք է բոլոր օղակներում լինեն»,- հավելել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենը:
«Հավատում եմ, որ կրթության մեջ տեսլականի առկայությունը ու պլանավորումը կարեւոր դեր են խաղում: Կրթված մարդը պետք է դառնա մեր երկրի հիմնասյունը: Պետք է հասնել բոլոր երիտասարդներին, ստեղծել առիթներ բոլորի համար, բացահայտել բոլորի պոտենցիալը: Մեր նպատակն է օգնել նրանց հասկանալ իրենց ներուժը, ապագայի տեսլական ձեւավորել, քանի որ վաղ տարիքում դեռ մտածելու, տրվող ինֆորմացիան մարսելու ժամանակ կա» ասել է Մար Լու Փափազյանը:




























