Երբեք չարաշահումներ Հյուսիս-Հարավում չեն եղել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը՝ անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրում չարաշահումների մասին հարցին։

«Ես հայտարարել եմ մի քանի անգամ եւ վերջերս լսեցի նաեւ, որ նոր նախարարն էլ հայտարարեց՝ Կառավարության կողմից, նախարարության կողմից նորից հայտարարում եմ՝ երբեք չարաշահումներ Հյուսիս-հարավում չեն եղել։ Եթե լիներ չարաշահում, ապա կառավարությունը նույն Կորսան-Կորվիամին 7 միլիոն դոլար միայն մենք ենք բյուջե հետ գանձում արել։ Մենք վերահսկում ենք, որ հետ գումար ենք գանձում բյուջե»,-ասաց նա:

Իսկ լրագրողներից մեկի դիտարկմանը, որ չարաշահումների մասով անգամ հետաքննություններ են ընթանում, Բեգլարյանը նշեց. «Եթե հարկային տեսչությունները ինչ-որ աշխատող ֆիրմայի կողմից չարաշահումներ են տեսնում եւ այդ չարաշահումները գնահատական են տալիս ու ներկայացնում մամուլում, չի նշանակում, որ կառավարության աշխատողը կամ նախարարությունում չարաշահումներ են եղել։ Դրա համար, երբ Կառավարությունը այդ նույն կազմակերպությունից 7 միլիոն դոլար հետ գանձում է արել ընդհանուր վճարված 80 միլիոնից... պարտադիր է փակագծերը բացեմ։ Այստեղ չի կարող ոչ մի չարաշահում լինել»։

Հարցին՝ արդյոք նախկին նախարարը իրեն չգնահատված է զգում եւ նույն եռանդով է պատրաստվում աշխատել ՀՀԿ-ի օգտին, Բեգլարյանը պատասխանեց. «Ոչ, մենք բոլորս քաղաքականության մեջ ենք։ Եթե ես նույն եռանդով չպիտի աշխատեի, ինչ է նշանակում, ուրեմն մենք ամեն անգամ աշխատում ենք աշխատանքի տեղավորվելու համար»,- ասաց Բեգլարյանը՝ նշելով, որ նոր պաշտոնի ակնկալիք չունի, եւ առաջարկների դեպքում առաջինը լրագրողներին կներկայացնի։