Նախընտրական արշավի ընթացքում բոլորը գումարներ են բաժանում, բացի Ժողովրդական կուսակցությունից: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ մեկնաբանելով դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանի դժգոհությունը Ընտրական օրենսգրքի փոփոխություններից:
Նրա խոսքով, ՀՅԴ-ի դժգոհությունը կապված է նրա հետ, որ կառավարող Հանրապետական կուսակցությունը ի սկզբանե բոլորին աշխատաոճ էր թելադրել, որի էությունը ընտրություններից առաջ փող բաժանելն էր. «Այսօր, հավաքելով իր ողջ պոտենցիալը, հանրապետական կուսակցությունը կարող է արգելել գումարների բաժանումը: Եթե կուսակցությունները գումար չբաժանեն, նրանք պարզապես ձայներ չեն ստանա: Այդ կուսակցությունների շարքում են «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի հիմնական մրցակիցը լինելու է «Բարգավաճ Հայաստանը»: Ուստի կառավարող կուսակցությունը կարող է զրկել բոլորին գումար բաժանելու հնարավորությունից»,- ասել է Կարապետյանը:
Ըստ նրա, շատ կուսակցությունների համար բարդ կլինի հայտնվել խորհրդարանում: «Հանրապետականի համար էլ բարդ կլինի, բայց նրանք ներքին պոտենցիալ ունեն: Ունեն Երեւանի քաղաքապետ, վարչապետ: Եթե դրան գումարենք նաեւ մոտ կես միլիոն մեռած հոգիները, որի մասին հաճախ խոսում է Հայ ազգային կոնգրեսը, ՀՀԿ-ն կարող է իր համար ձայներ ապահովել»,- ասաց Տիգրան Կարապետյանը:
Նա կարծում է, որ իր գլխավորած ուժը կհայտնվի խորհրդարանում, քանի որ իշխանությանն ու ընդդիմությանը չհամակրողներն իրենց ձայնը կտան հենց իրեն: Հայ ազգային կոնգրեսը կստանա 12-15 տոկոս ձայն եւ կարող է դառնալ խորհրդարանի երկրորդ ուժը:




























