Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելով՝ Ռուսաստանը կարծես փորձ է անում դիվանագիտական համատեքստում հայ-ադրբեջանական հարաբերությունները բերել համաձայնությունների դաշտ։ Հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Նորավանք» հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը։
«Ղարաբաղյան հակամարտությունը, որպես այդպիսին, այսօր շատ ավելի մոտ է լուծման, քան նախկինում։ Ընդ որում, ժամանակը գործում է ի վնաս ադրբեջանական կողմի։ Այն հարձակվողական քաղաքականությունը, որ այսօր որդեգրել է Ադրբեջանը, միայն վնասում է նրան »,- նկատեց Գագիկ Հարությունյանը։
Անդրադառնալով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման գործընթացին՝ քաղաքագետը նկատեց, որ այս հարցում ոչինչ չի կարելի բացառել։ «Ճանաչման խնդիր մեզ համար, որպես այդպիսին, դրված չէ։ Եթե այդպես գնա, վաղը չէ մյուս օրը մենք կարող ենք Նախիջեւանը ճանաչելու խնդիր ունենալ։ Անձամբ ես կողմնակից եմ մեկ պետություն, մեկ ազգ բանաձեւին, սակայն եթե քաղաքական իրադրությունը պահանջի, ճանաչման խնդիրը հասունացած լինի, ապա դա մի քանի ժամվա գործընթաց է։ Պե՞տք է, արդյոք, ֆորմալիզացնել Հայաստանի եւ Ղարաբաղի հարաբերությունները»,- հարց բարձրացրեց քաղաքագետը՝ ավելացնելով, որ դա միայն եւ միայն բարդացնելու է հարաբերությունները։ «Առայժմ վերցված կուրսը՝ լռելյայն համատեղություն, բոլորին է հայտնի»,- ասաց նա։
Ամփոփելով՝ Գագիկ Հարությունյանը նկատեց, որ «վատ չէր լինի, եթե Ղարաբաղը վերականգներ բանակցային կողմ լինելու իր իրավունքը»։ «Ղարաբաղը մշտապես մնում է բանակցային կողմ։ Դիտորդները, ԵԱՀԿ միջնորդները տարածաշրջան ժամանելիս լինում են նաեւՂարաբաղում, լսում են նրանց կարծիքը։ Պարզապես բանակցությունների ներկա փուլում չեմ տեսնում այն մեխանիզմը, թե ինչպես ԼՂՀ-ն կարող է դառնալ բանակցային կողմ»,- նշեց Հարությունյանը։



























