Հայաստանի Կենտրոնական բանկը, հիմնվելով մի շարք միջազգային կազմակերպությունների տեղեկատվությունների վրա, այսօր` հոկտեմբերի 28-ին հրապարակել է միջազգային ապրանքային շուկաների գնային կանխատեսումներ։ Այսպես՝ կանխատեսվում է, որ պղնձի միջազգային գները 2011 թ. կտատանվեն 8000 դոլարի սահմաններում, իսկ ոսկու գինը կկայունանա չորրորդ եռամսյակի սկզբի ձեւավորված 1350 դոլարի շուրջ՝ 1 ունցիայի դիմաց։
Հացահատիկի շուկայում գները հիմնականում կպահպանվեն բարձր մակարդակում՝ դրսեւորելով չափավոր աճ։ Համաձայն ԱՄՆ գյուղդեպարտամենտի գնահատումների՝ 2010-2011 թթ. սպասվում է հացահատիկի մոտ 641 մլն տոննա բերք՝ նախորդ տարվա 682 մլն տոննայի համեմատ։ Սակայն հացահատիկի արտադրության կրճատումը առայժմ դեֆիցիտի չի հանգեցնի, քանի որ սպառումը կանխատեսվում է 633 մլն տոննա։
Այնուամենայնիվ՝ հացահատիկի համաշխարհային պաշարները նախորդ տարվա համեմատ կնվազեն 22 մլն տոննայով՝ կազմելով 175 մլն տոննա։
Արդյունքում՝ կանխատեսվել է, որ հացահատիկի գները 2010-11 թ. կձեւավորվեն 1 բուշելի դիմաց 7,5-7,8 դոլար միջակայքում:




























