«Քաղաքականություն վերադառնալու իմ հայտարարությանը սպասեք մոտ օրերս»: Այս մասին այսօր` դեկտեմբերի 11-ին,  Գյումրիի այցի ժամանակ լրագրողներին ասել է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Նորից եմ ասում` քաղաքակոնւթյուն մտնելն ինձ համար ինքնանպատակ չի, ձեռքերը ծալած չեմ կարող նստել, երբ տեսնում եմ ներքին եւ արտաքին քաղաքական պրոբլեմները, Ղարաբաղի առաջ ծառացած խնդիրները, ասենք թե վտանգը, որ կա: Ու ամենակարեւորը իմանալով, որ մեր թշնամին ամեն պահ սպասում է իր վրեժը լուծի, մենք բոլորս պետք է մեր անձնականը մի կողմ դնենք, մտածենք մեր սահմանի վրա կանգնած զինվորի մասին, միասնական որոշում կայացնենք` լինի արդարություն, վստահություն, մրցակցություն: Ու մրցակցությանը, որ տղես էլ մասնակցի, հաղթանակը ես իրան չեմ տա»,-ասել է Ծառուկյանը

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում հավաքված բազմությանը ողջունելուց հետո Ծառուկյանն այցելել է անօթեւանների խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» ՀԿ, որտեղ դրամական օգնություն է տվել անօթեւաններին, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնե;լ էր, որ Ծառուկյանի` Գյումրի կատարած այցի ժամանակ դժբախտ դեպք է գրանցվել Սուրբ ամենափրկիչ եկեղեցու բակում հավաքված բազմության հրմշտոցի ժամանակ քաղաքացիներից մեկը ուշաթափվել է եւ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մահացածը Գյումրու 59-ամյա բնակիչ Ներսես Մելքոնյանն է, որի մոտ, նախնական եզրակացությամբ, սրտի կանգ է գրանցվել։